Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 4.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Գազար սովորական Daucus sativus, Daucus carota L. var sativus

Գազար սովորական Daucus sativus, Daucus carota L. var sativus

Գազարը նեխուրազգիների (հովանոցազգիներ) ընտանիքին պատկանող խոտաբույս է: Հայտնի է նաև ստեպղին անվամբ: Ծաղկում է հունիս-հուլիսին` կյանքի երկրորդ տարում: Հայտնի է գազարի շուրջ 60 տեսակ: 

 

Գազարի հայրենիքը Միջերկրական ծովի առափնյա երկրներն են: Վայրի տեսակը հանդիպում է Միջին Ասիայում և Կովկասում:

 

Օգտագործում են գազարի արմատապտուղները և սերմերը, որոնք ունեն բավական հարուստ քիմիական կազմ: Արմատապտուղները պարունակում են a, β և γ կարոտինոիդներ (վերջիններով է պայմանավորված գազարի նարնջագույն երանգը), լիկոպին, A, B, C, D, P, PP, K վիտամիններ, եթերային և ճարպային յուղեր, ֆլավոնոիդներ (կվերցետին և կեմպֆերոլ), դաբաղային նյութեր, սպիտակուցներ, ածխաջրեր: Սերմերում հայտնաբերվել են ֆլավոնոիդներ և ճարպային յուղ: 

 

Ըստ գիտական բժշկության, գազարի բուժական արժեքը հիմնականում պայմանավորված է գլուկոզայի, ֆոսֆատիդների, հանքային աղերի (մասնավորապես` կալիումի), D և P խմբի վիտամինների, նիկոտինաթթվի, ֆոլաթթվի և կարոտինների բարձր պարունակությամբ:

 

Գազարի թարմ արմատապտուղները օգտակար են տեսողության թուլացմամբ ուղեկցվող A հիպովիտամինոզի և ավիտամինոզների ժամանակ, մինչդեռ հակացուցված են լյարդի հիվանդությունների և վահանագեղձի թերֆունկցիայի դեպքում, քանի որ կարոտինը չի յուրացվում, փոխարենը առաջարկվում է օգտագործել բնական A վիտամին: 

 

Պարզվել է, որ գազարը պարունակում է բնական հակաբիոտիկներ (ֆիտոնցիդներ), ուստի դրա հյութով բերանը ողողելիս մանրէների քանակը նվազում է: Պատահական չէ, որ ժողովրդական բժշկության մեջ խորհուրդ է տրվում գազարի թարմ հյութով ողողել բերանի խոռոչը` նշիկաբորբի, վերին շնչուղիների բորբոքային երևույթների դեպքում, ինչպես նաև օգտագործել մաշկի վերքերի, այրվածքների, ցրտահարությունների բուժման նպատակով` քսուքի ձևով:

 

Ուշագրավ է, որ ջերմային մշակումից գազարի մեջ պարունակվող կարոտինոիդները չեն քայքայվում, իսկ ճարպերի (կարագ կամ թթվասեր) հետ օգտագործելիս օրգանիզմում վերածվում են ռետինոլի: Նշենք, որ կարոտինները հիմնականում շատ են գազարի մակերեսային շերտերում:

 

Ըստ Ամիրդովլաթի, ինչպես անիսոնը, գազարի հանուկը ևս օժտված է միզամուղ, աղիքների աշխատանքը կարգավորող, իսկ եփուկը` հակաճիճվային հատկությամբ: 

 

Չինաստանում գազարի պտուղներն օգտագործում են քրոնիկական դիզենտերիայի, հյութը` չարորակ ուռուցքների, արմատը` ստամոքսի և երիկամաքարային հիվանդության ժամանակ, իսկ ճարպային յուղը` որպես կծկանքային: 

 

Ցանկալի է ուտել օրական 100-200 գրամ գազար: Դրա թարմ հյութը ոչ միայն բուժիչ է, այլև օգտակար նորածիններին` որպես դիետիկ սնունդ: Քերուկի ձևով գազարը կարելի է ներառել երիկամների հիվանդությամբ, ինչպես նաև թութքով հիվանդների սննդակարգում: 

 

Գազարը լայնորեն կիրառվում է նաև կոսմետոլոգիայում: Պարունակելով մեծ քանակությամբ վիտամին A, նպաստում է մաշկի ծերացման և կնճիռների առաջացման կանխմանը, թարմացնում է մաշկը և ամրացնում եղունգները: Չոր մաշկի դեպքում խորհուրդ է տրվում գազարի քերուկը օգտագործել ձվի դեղնուցի, իսկ գերգրգռված մաշկի դեպքում` կիտրոնի հյութի հետ: 

 

Մազերի ամրացման նպատակով օգտագործվում է գազարի եփուկը: 

 

Գազարի շնորհիվ կարելի է 3 օրվա ընթացքում մարմնի քաշը 3 կգ-ով պակասեցնել: Այդ նպատակով խորհուրդ է տրվում օրը 4 անգամ ուտել գազարից պատրաստված աղցան. 1-2 գազար, 1 միրգ (նարինջ, խնձոր, նուռ), կիտրոնի թարմ հյութ, բուսական հյութ, 1 ճաշի գդալ մեղր:

 

Գազարը հակացուցված է ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցի, բարակ աղիքի բորբոքման դեպքում, իսկ չարաշահելիս նկատվում են թուլություն, քնկոտություն, սրտխառնոց, առաջանում են միգրենի երևույթներ: 

 

Որոշ գիտնականներ պնդում են, որ վիտամինների քանակն ավելի շատ է այն արմատապտուղներում, որոնք կշռում են 150 գրամ, իսկ դրանից ավելի մեծ քաշ ունեցողներում գերակշռում են հիմնականում նիտրատները: Ամենաշատ վիտամինները պարունակվում են կեղևում, հետևաբար ցանկալի է կեղևը ոչ թե հեռացնել, այլ լավ լվանալ: 

 

Օգտակար խորհուրդներ

 

  • Սպիտակափառության դեպքում մանրացված սերմերը մեղրով շաղախել և քսել աչքերին:
  • Գազարի 100-200 գրամ թարմ հյութը խմել քաղցած, պատրաստելուց անմիջապես հետո` երիկամային և լեղաքարային հիվանդության դեպքում: 
  • Բրոնխիտի և լարինգիտի դեպքում մեկ բաժակ գազարի թարմ հյութը խառնել մեկ ճաշի գդալ մեղրի հետ: Խմել օրվա ընթացքում 4-5 ճաշի գդալ:
  • Երիկամաքարային հիվանդության դեպքում խորհուրդ է տրվում առանց աղի սննդակարգ և գազարի սերմերից պատրաստված հետևյալ դեղատոմսը. մեկ ճաշի գդալ գազարի սերմերը 12 ժամ թրմել մեկ բաժակ եռացրած ջրում` ջրաբաղնիքի վրա, քամել և Խմել մեկ բաժակ, օրը 3 անգամ, տաք վիճակում:
  • Որպես հանգստացնող միջոց, խորհուրդ է տրվում գազարի սերմերը` սառնաշաքարի (նաբաթ) հետ խառնած: 

 

Հեղինակ. Արմինե Մողրովյան Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ-ի ֆարմակոգնոզիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ